Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունիսի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 78.6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13.0%-ով։ Այս մասին հայտնում են Զբաղվածության պետական գործակալությունից։
Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 40.5%-ը կամ 31.8 հազ. մարդ՝ նախորդ տարվա 34.2 հազ. մարդու փոխարեն:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 68.6%-ը, կամ 53.9 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ մնացել է անփոփոխ: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 63.9%-ը, կամ 34.5 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 17.1%-ը կամ 9.2 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.4% կամ 2.4 հազ. մարդ:
Ըստ կրթական կազմի բաշխվածության բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 12.6%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.0%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.0%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.2 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 10.2%-ը:
Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝ հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝ արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման, տրանսպորտային միջոցների, թեթև արդյունաբերության որոկավորում ունեցող մասնագետները:
Ի դեպ, Մայիսին աշխատանքի շուկան աճել է և գրանցել հերթական ռեկորդը: Իր հերթին Այս մասին Facebook-ի էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հիշեցնենք՝ կառավարության նիստում գործադիրի ղեկավարը հայտարարել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է ավելի քան 125.000 աշխատատեղ։ Սա Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «պատմական ռեկորդ է»: Նա ասել է նաև, որ նույն ժամանակահատվածում աշխատավարձային ֆոնդն ավելացել է 65%-ով: