Հայաստանում դատավորների թիվը շուրջ 3 անգամ պակաս է, քան անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակարգում: Այս մասին ԱԺ նիստում ասաց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ դատավորների թվաքանակի պատճառով դատարանի մատչելիությունն է նվազում, տուժում է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը։
«Ժողովրդավարական հասարակարգում, իրավական պետությունում 100 հազար բնակչի հաշվարկով գեներացվում է այնքան դատական վեճ, որի լուծման համար 8 աշխատանքային ժամ, 5 աշխատանքային օր և ողջամիտ ժամկետներ համադրության պայմաններում անհրաժեշտ է 21 դատավոր, բայց Հայաստանում այդ թիվը մոտենում 8-ի։ Մենք որքան էլ փորձենք բեռնաթափել դատարանները՝ նպատակ դարձնելով միջոցները, չենք կարող նվազեցնել դատական վեճերի գեներացիան»,- նկատեց նախկին պաշտոնյան։
Զեյնալյանը հայտարարեց, որ իրեն տեսնում է ինչպես Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում, այնպես էլ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։