Հայաստանում հնարավոր է` հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացվեն: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան երկկողմ համագործակցության սպա, մայոր Մայքլ Հեյսն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ հանդիպել է փոխնախարար Դավիթ Համբարյանի և Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանի հետ։
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են ընթացիկ համատեղ ծրագրերը, ինչպես նաև համագործակցության շրջանակներում միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։
Դավիթ Համբարյանն առանձնացրել է մի քանի կարևոր ծրագրեր, որոնք իրականացման փուլում են: Նա, մասնավորապես, մատնանշել է «Սևան» ազգային պարկի տարածքում հատուկ ջրափրկարարական կետի, Աշոցքում, Եղեգնաձորում, Բաղրամյանում և Ստեփանավանում ջոկատների շենքերի կառուցումը։
Մայքլ Հեյսն իր հերթին նշել է, որ նախորդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը շահագրգռված է միջոցառման անցկացմամբ եւ պատրաստ է քննարկել բոլոր մանրամասները։
Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը։