Կառավարության այսօր ընդունված որոշումներից մեկի համաձայն՝ կվերականգնվի ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորությունը՝ 21 երկրների քաղաքացիների համար։
Նշված երկրները ընտրվել են փոխադարձության սկզբունքի, միգրացիոն ռիսկերի և ուղևորահոսքերի համադրված գնահատման արդյունքում։
51 երկրների քաղաքացիների համար սահմանվել է ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորություն, եթե նրանք ունեն մի շարք զարգացած պետությունների, այդ թվում՝ ԵՄ և Շենգենյան համաձայնագրի, Ծոցի երկրների կացության քարտ կամ վավեր վիզա։ Այս չափանիշն ընդհանուր առամամբ ներառում է 45 երկրներ։
Որոշմամբ սահմանվել է նաև մուտքի վիզա ստանալու մեկ միասնական ձևի դիմում-հարցաթերթիկ, հստակեցվել է ընտանիքի անդամ համարվող անձանց շրջանակը, պահանջվող փաստաթղթերի ցանկը, դյուրացվել վարչարարությունը՝ այն համապատասխանեցնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի սկզբունքներին, սահմանվել ՀՀ մուտքի վիզա ստանալու համար այլ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորություն, հստակեցվել ՀՀ մուտքի էլեկտրոնային վիզա (E-VISA) ստանալու ընթացակարգը։