ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Դավիթ Խաչատուրյանի, Մեսրոպ Մակյանի, Անի Մխիթարյանի և Սերգեյ Չիչոյանի անդամակցությամբ ձևավորված հանձնախումբն այսօր՝ հունիսի 30-ին, որոշել է մերժել կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը:
Հանձնաժողովը գտել է, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։ Հանձնաժողովը արձանագրել է նաև, որ բաց է թողնված կարգապահական վարույթի հարուցման Օրենքով նախատեսված մեկ տարվա ժամկետը, քանի որ Ռ. Վարդազարյանը 2021թ. փետրվարի 20-ին կատարված ձայնագրությունը հրապարակել է միայն 2022թ. հունիսի 20-ին՝ ենթադրյալ խախտումը կատարելուց մեկ տարի 4 ամիս անց։
Հիշեցնենք, հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որի համաձայն՝ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական տա»,-ասված է ԲԴԽ հայտարարության մեջ։
Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։