Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը խստորեն դատապարտել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու (Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի կամ Կանաչ ժամ) ոչնչացումը ադրբեջանցիների կողմից:
«Վերականգնման պատրվակով նրանք հայկական եկեղեցին ուղղափառ են դարձնում, որպեսզի կեղծեն պատմությունը և վերացնեն հայկական հետքը», – գրել է Բեգլարյանն իր Telegram-ալիքում:
Նա նշել է, որ խորհրդային տարիներին Կանաչ ժամն ի թիվս շատ այլ եկեղեցիների դադարեցրել է գործունեությունը, սակայն Արցախի թեմի վերաձևավորումից և Շուշիի ազատագրումից հետո վերսկսել է իր գործունեությունը:
Պետնախարարն ընդգծել է, որ պատմական տարբեր աղբյուրներում և տարեգրություններում կան հավաստի և անհերքելի տեղեկություններ, որոնք հաստատակամորեն վկայում են Կանաչ ժամ եկեղեցու բուն հայկական պատկանելության փաստի մասին:
«Ես դեռ հույս ունեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ – ն և մշակութային արժեքների պահպանության այլ միջազգային կազմակերպություններ մանրամասն կուսումնասիրեն հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին առկա տեղեկությունները և գործնական քայլեր կձեռնարկեն Ադրբեջանի կողմից մշտական մշակութային ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ», – գրել է Բեգլարյանը:
Ավելի վաղ ադրբեջանցիների կողմից եկեղեցու ավերման մասին հայտնել էր Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը: Գերատեսչությունը հրապարակել է նաև համապատասխան լուսանկարներ։