Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը: Հենց հուլիսի 5-ին էր, որ ՀՀ անկախության վերականգնումից հետո՝ 1995-ին, անցկացվեց համաժողովրդական հանրաքվե ՀՀ Սահմանադրության հաստատման համար։
Առաջին անգամ այն փոփոխությունների ենթարկվեց 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեի միջոցով։ Երկրորդը 2015թ. դեկտեմբերի 6-ին էր, որով փոխվեց կառավարման ձևը, և Հայաստանը դարձավ խորհրդարանական պետություն։
Թեև Սահմանադրությունը երկրի թիվ մեկ փաստաթուղթն է, սակայն իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանում հասրակությունը Սահմանադրությունն առանձնապես չի հարգում։ Armenia Today-ի հետ զրույցում սահմանադրագետն ասաց, որ ազգային մենթալիտետի պատճառով օրենքների հանդեպ նույնպես վերաբերմունքը հակասական է․ դրանք նշանակություն ու կարևորություն չունեն հանրության շրջանում։
Գոռ Հովհաննիսյանի տպավորությամբ՝ նույնիսկ Սահամանդրական դատարանը Սահմանադրությունից գլուխ չի հանում։ Պատճառները բազմաթիվ են՝ դիտավորություն, պրոֆեսիոնալիզմի, գիտելիքների պակաս, նաև՝ մտածելակերպի խնդիր։
«Սահմանադրությունն ինքնին արժեք չէ մեր հասարակության համար։ Հետևաբար այդ նույն մարդիկ, երբ դառնում են սահմանադրության կիրառողներ, նրանց գիտակցության մեջ սահմանադրությունը շարունակում է մնալ երկրորդական մի բան»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա նշում է, որ եթե դատավորը նույնիսկ ուզենա ճիշտ կիրառել Սահմանադրությունը, դարձյալ չի կարող, քանի որ չգիտի՝ ինչպես ճիշտ կիրառել այն։ Վատագույնը՝ ինքը չգիտի էլ, որ չգիտի։
Ինչ վերաբերում է Սահմանդրական բարեփոխումների ներկայիս քննարկումներին, Գոռ Հովհաննիսյանն ասաց՝ էական չի, թե ինչ կգրվի Սահմանադրությունում, երբ իրավաբանները ոչինչ չեն հասկանում։
«Փոփոխվում է Սահմանադրությունը, թե ոչ՝ Հայաստանում ընդհանրապես դեր չի խաղում։ Պատկերացրեք՝ Ձեզ չինարեն գիրք են նվիրել, ինչ տարբերություն՝ դա չինական հեքիաթների գի՞րք է, թե՞ գիտական․․․ եթե չինարեն չեք կարող կարդալ»,- հարցրեց Հովհաննիսյանը՝ պարզաբանելով, որ մեր երկրում Սահմանադրությունը պարբերաբար խեղաթյուրվում է։
Նա նկատեց, որ Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է, բայց մարդկանց կյանքը 1995 թվականից մինչ այսօր չի լավացել։ Հովհաննիսյանը նաև Սահմանադրության խեղաթյուման օրինակներ բերեց, ըստ որոնց՝ նախորդ տարվա ընտրություններում ձևավորված խորհրդարանը ոչ լեգիտիմ է, և նրա ընդունած օրենքները, որոշումները, ընտրած պաշտոնատար անձինք նույնպես ոչ լեգիտիմ են։
Նրա խոսքով՝ նախորդ տարի կառավարող ուժն ընդդիմության հետ ձեռք ձեռքի տված խեղաթյուրեց Սահմանադրությունը։ Դրա համաձայն՝ խորհրդարանի ինքնալուծարումն արգելված է, սակայն խորհրդարանը երկու անգամ դիտավորյալ չի ընտրել վարչապետ, որպեսզի այն օրենքի ուժով լուծարվի։ Սա, Հովհաննիսյանի խոսքով, ոչ այլ ինչ է, քան ինքնալուծարում։ Հետևաբար, ընտրությունները ոչ լեգիտիմ են։
«Ե՛վ խորհրդարանական մեծամասնությունը, և՛ ընդդիմությունը համաձայնության են գալիս, որ թքեն այդ Սահմանադրության վրա»,- ասաց Հովհաննիսյանը։