«Հայաստանում նախ պետք է մտածելակերպը փոխվի, որից հետո նոր միայն կտեսնենք, թե որոնք են այն հիվանդությունները, որոնց կանխարգելման ուղղությամբ կարող ենք աշխատել»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ամերիկյան Moderna ընկերության համահիմնադիր և նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը՝ անդրադառնալով հիվանդությունների վաղ կանխարգելման վերաբերյալ հարցին։
«Սրտի հետ կապված հիվանդությունների առումով արդեն ունենք կանխարգելիչ միջոցներ, որոնցով շատ ավելի արագ ենք կարողանում միջամտել կամ դանդաղեցնել հիվանդության պրոցեսը: Իմ կարծիքով, առաջին քայլը հենց այդ ոլորտի մեջ լինելն է: Բայց նաև քաղցկեղի, այլ հիվանդությունների ոլորտում էլ կարելի է այդ մոտեցումով քայլել: Ինչպես տեսանք COVID-19-ի ժամանակ պատվաստանյութերով կարող ենք կանխարգելել վարակների տարածումը: Այս ամենը պետք է դառնա երկրի բժշկական մոտեցումներից մեկը: Այն դժվար է, քանի որ մարդիկ հակված են ամենաթանկ, ամենահզոր դեղերին»,- ասաց Նուբար Աֆեյանը:
Moderna ընկերության համահիմնադրի կատակում է, որ իրականության մեջ, եթե հիվանդին առաջարկես «ոչ հիվանդություն կամ բուժում, բնականաբար կընտրեն ընդհանրապես չունենալ հիվանդություն, իսկ այդ ուղղությամբ մենք շատ քիչ փող ենք տրամադրում, հենց այդտեղից էլ պետք է սկսել փոփոխությունները»:
Անդրադառնալով Հայաստանում առողջապահության պարտադիր ապահովագրության ներդրման վերաբերյալ հարցին, Աֆեյանը պատասխանեց, որ ապահովագրությունը շատ կարևոր միջոց է, որը պետք է ուսումնասիրել և ձեռք բերել ժամ առաջ:
«Մարդիկ ասում են ավելի լավ է փող չծախսենք, բայց չեն գիտակցում, որ շատ ավելի թանկ է լինելու ապագայում, եթե ավելի ծանր հիվանդություններ ի հայտ գան: Իմ կարծիքով պետք է ունենալ առողջապահական ապահովագրություն:
Ընդհանրապես Հայաստանի առողջապահության ոլորտում զարգացումները շատ քաջալերելի են և ես դրական եմ գնահատում այն քայլերը, որոնք արվում են: Հուսով եմ՝ դրանք կշարունակվեն, որովհետև որքան կարողանանք հզորացնել և զարգացնել մեր առողջապահական վիճակը՝ սկսած առաջնային առողջապահությունից, այդքան արագ կկարողանանք զարգացնել երկրի տնտեսությունը և հետաքրքրվածությունն՝ այլ երկրներից ներդրումներ անելու հարցում», – ասաց Նուբար Աֆեյանը:
Ամերիկահայ ձեռնարկատերը կարծում է, որ որքանով առողջապահությունը դառնա խնդրահարույց, այնքան դա ազդելու է այլ որոտների վրա: Հետևաբար, ըստ նրա, ապահովագրությունը ժամանակակից հասարակության և ժամանակակից աճի ամենակարևոր սյուներից մեկն է ու շատ ողջունելի է, որ կառավարությունը կենտրոնանում է այս հարցի վրա:
Անդրադառնալով Armenia Today-ի հարցին և խոսելով Հայաստանի մինչև 2040 թվականի զարգացման տեսլականի մասին, Աֆեյանն ասաց, որ ժամանակակից աշխարհը շատ արագ է փոխվում, և նույնիսկ առանց առաջարկի պետք է նայել այն առաջարկություններին, որոնք մենք որդեգրել էինք անցյալի համար, որոնք թեև ճիշտ էին, բայց՝ փոփոխության արժանի:
«Պետք է հասկականք, պետք է լսենք դրսի փորձագետներին և հասկանանք, թե որ ապագան ենք ցանկանում ստեղծել այս երկրի համար և աշխատենք դեպի այդ ուղղությամբ»,- նկատեց Աֆեյանը:
Աֆեյանը նշեց, որ ինքն արդեն 22 տարի է գնում – գալիս է և զբաղվում է այս բոլոր հարցերով, բայց մի բան անփոփոխ է մնացել։ Նրա կարծիքով, եթե մենք կարողանանք միասնաբար ծրագրել այն ապագան, որը ցանկանում ենք, այսինքն մեծամասնությունը դա ցանկանա, ապա այդ ապագան շատ ավելի արագ է ստեղծվելու, քան եթե չունենանք այդպիսի տեսլական և անդադար վիճենք, թե հայության համար որն է լավը:
«Ինչու խոսենք ապագայի մասին, ներկայի մասին ավելի հե՞շտ չէ խոսել: Այսպես ապագան անդադար հետաձգում ենք: Հինգ տարեկան երեխան ներկայո՞վ է զբաղված, թե՞ ապագայով: Իր համար շատ կարևոր է ապագան: Կարևոր է, որ ներկան որոշ ձևով լավանա: Բայց եթե ապագան հետաձգենք, հետաձգենք ու հետաձգենք, ոչ մի տեղ չենք հասնելու: Իմ կարծիքով կարևոր է խոսել այս թեմաների մասին, որոշումներ կայացնել»,- ասաց Աֆեյանը՝ հավելելով, որ իր երազած ապագան այդքան էլ կարևոր չէ, բայց այն, որ պետք է այդ ապագան ստեղծենք միասնաբար՝ թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհի հայության ներգրավմամբ, շատ անհրաժեշտ է։
Armenia Today-ի հարցին, թե ի՞նչ դեր ունեն ժամանակակից տեխնոլոգիաներն այս հարցերում, Աֆեյանն ասաց, որ դրանք Հայաստանի ապագայի աճի և կրթության մի կարևոր մասն են:
«Առողջապահության, զբոսաշրջության և բազմաթիվ այլ ոլորտներում կարող ենք կապեր ստեղծել աշխարհի հետ, ու դառնանք մի կենտրոն՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի համար, այսինքն՝ տարբեր ուղղություններով հոսանքների մի կենտրոն դառնանք: Առաջ մտածում էինք՝ մենք չենք կարող, մենք փոքր երկիր ենք, և այլն, բայց այն երկրները, որ կարողացել են, իրենց պատկերացրել ենք շատ ավելի հզոր երկիր, մեծ երկիր են և դարձել են այդ մեծ երկիրը: Նույնը մեր մոտ պետք է լինի, եթե ունենանք կամք և ապագայի հանդեպ որոշ հարգանք, ապա միանշանակ կունենանք զարգացած երկիր ու տնտեսություն, պետք չէ ներկայով զբաղվելու ժամանակ ապագան հետաձգել», – եզրափակեց Աֆեյանը: