Մայրաքաղաք Երևանի բոլոր բժշկական հաստատությունները հուլիսի 1-ից անցել են անկանխիկ վճարման համակարգի։ Սա դժվարություններ է առաջացրել բուժհաստատությունների ծառայություններից օգտվող բազմաթիվ քաղաքացիների շրջանում, ովքեր սովոր չեն անկանխիկ վճարելու։
Հարցի առնչությամբ Armenia Today-ը զրուցեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ, որն ասաց, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ բոլոր բժշկական հաստատությունները՝ հիվանդանոցներից մինչև պոլիկլինիկաներ, վճարումն ընդունում են բացառապես անկանխիկ եղանակով։ Մեր հարցին, թե դա որքանո՞վ է նպատակահարմար՝ հաշվի առնելով, որ, օրինակ, մարզի բնակիչը Երևանում բուժօգնություն ստանալու համար խնդրի առաջ կկանգնի, Խաչատրյանը պատասխանեց, որ աստիճանաբար պետք է հասարակությանը սովորեցնել քաղաքակիրթ կյանքին։
Նրա խոսքով՝ տարիներ առաջ, երբ կենսաթոշակը անկանխիկ վճարելու որոշումն ընդունվեց, նույն դժգոհությունները կային, սակայն կարճ ժամանակում բոլորը քարտեր ստացան ու ընտելացան այդ եղանակով կենսաթոշակ ստանալուն։ Խաչատրյանն ասաց՝ ակներև է, որ դա տվել է իր պտուղները։ Թոշակ ստանալու օրերին անծայրածիր հերթերն այլևս չկան փոստային բաժանմունքների դիմաց։ Մարդիկ առանց ավելորդ ժամանակ կորցնելու կանխիկացնում են գումարը։ Դա, ԱՆ խոսնակի խոսքով, հատկապես կարևոր էր հենց կորոնավիրուսային սահմանափակումների օրերին, երբ հնարավոր դարձավ առանց ավելորդ շփման գործարքներ, առևտուր կատարելը։
Մեր հարցին, թե ինչ իրազեկման աշխատանքներ են կատարվել, Խաչատրյանն ասաց, որ դա վարչապետի մակարդակով է տեղի ունեցել, երբ կառավարության նիստերի ժամանակ բազմիցս ասվել է, որ հուլիսի 1-ից անկանխիկի են անցնելու։
Սակայն ինչո՞ւ միանգամից, ինչպե՞ս է հնարավոր միանգամից գնալ կտրուկ փոփոխության հարցին՝ մեր զրուցակիցը պատասխանեց․
«Անկանխիկի անցումն իրականում փուլային եղանակով է իրականացվում։ «Նախ՝ Երևանում, ապա մի քանի մարզում, հետո՝ մյուսներում» սկզբունքով կանցնենք նոր համակարգին»։
Ինչ վերաբերում է պոլիկլինիկաներին, որտեղ որոշ ծառայություններ կատարվում են վճարովի սկզբունքով, ապա Armenia Today-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանն ասաց, որ դրանք հագեցած են գումարը անկանխիկ եղանակով ստանալուն անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Նա հաստատեց, որ պոլիկլինիկաներն արդեն մեկ շաբաթ ամբողջությամբ անցել են անկանխիկի։
Արաքսյա Սնխչյան