Եկեղեցու դիրքորոշումը անփոփոխ է. Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:
«Եկեղեցու դիրքորոշուն անփոփոխ է: Մայր Աթոռը բազմիցս հայտարարել, ինչպես նաև այս թեմային անդրադարձել է Հոգևոր Գերագույն խորհուրդը սույն թվականի մարտին: Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»,- ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝հուլիսի 7-ին, Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ «Մուլտի գրուպ» ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ. համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն: Կառավարության նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ: Փաշինյանը նաև հույս էր հայտնել, որ արձանի տեղադրումը զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի համար կմեծացնի: