Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում են «Հայաստան. ժառանգության ուսումնասիրություն, պահպանում և ընդլայնում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության նորարարական նախագծերի համերաշխության հիմնադրամի կողմից։
Ծրագիրը հայտնում է Ֆրանսիայի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը, վերականգնմանն ու արժեւորմանը, ասվում է Երևանում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրության մեջ։
600 հազար եվրո արժողությամբ նախագիծը նախատեսվում է իրականացնել 2022 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել աշխատանքներ՝ ուղղված Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը, այս ոլորտի մասնագետների ներուժի զարգացմանը, ինչպես նաև թանգարանային քաղաքականության իրականացմանն ու զարգացմանը։
Ծրագիրը մշակվել և իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայի ազգային ժառանգության ինստիտուտի, Լուվրի թանգարանի, պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Էրեբունի թանգարանի հետ համատեղ։ Եռակողմ ծրագիրն ընդգրկում է մշակութային ժառանգության տարբեր ոլորտներ և հիմնվում է ֆրանսիացի և հայ գործընկերների հմտությունների և լավագույն փորձի վրա:
Առաջին բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է շարունակական կրթության դասընթացների միջոցով ամրապնդել և զարգացնել մշակութային ժառանգության վերականգնման և պահպանման մասնագետների հմտությունները։ Այն իրականացվում է Ազգային ժառանգության ինստիտուտի կողմից՝ Պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցությամբ։
Երկրորդ բաղադրիչը վերաբերում է Տաթևի վանական համալիրի վերականգնմանը։ Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է իրականացնել հուշարձանի պատմաճարտարապետական ուսումնասիրություն, ինչպես նաև կազմակերպել առաջին կամավորական աշխատանքային ճամբարը «Ռեմպարտի» և «Terre et Culture» ասոցիացիայի հետ («Երկիր և մշակույթ»):
Երրորդ բաղադրիչը նվիրված է Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրության վերակազմավորմանն ու արդիականացմանը և միտված է հավաքածուների գնահատմանը։ Այն կիրականացվի Լուվրի հետ համատեղ։