Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ հունիս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է 18%-ով, ընդ որում` աշխարհում գրանցվել է ավելի քան 4,1 միլիոն դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ հղում անելով ԱՀԿ տվյալներին:
Համաձայն ԱՀԿ տվյալների՝ COVID-19-ի նոր դեպքերի ամենամեծ շաբաթական աճը գրանցվել է Մերձավոր Արևելքում, որտեղ դրանք աճել են 47%-ով, Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում՝ մոտ 32%-ով, իսկ Ամերիկայում՝ մոտ 14%-ով։
Խորհուրդ է տրվում առավել խոցելի բնակչությանը, այդ թվում՝ բուժաշխատողներին և 60-ից բարձր տարիքի անձանց պատվաստվել, քանի որ միլիոնավոր մարդիկ դեռևս պատվաստված չեն և գտնվում են հիվանդության ծանր ընթացքի և մահվան վտանգի տակ:
Մասնագետները խորհուրդ են տալիս մեծահասակներին՝ ստանալ խթանիչ /բուստեր/ պատվաստում, կորոնավիրուսի վերջին տարբերակներից պաշտպանվելու համար: