ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Վյաչեսլավ Վոլոդինը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Ողջունելով Վյաչեսլավ Վոլոդինին ՀՀ Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ սա նշանակալի իրադարձություն է, քանի որ Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի արտագնա լիագումար նիստ:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովն օրակարգային հարցերի լուծման և կոնսենսուսային որոշումներ կայացնելու արդյունավետ հարթակներից մեկն է՝ նշելով, որ հայկական պատվիրակությունն ակտիվ և հետևողականորեն աշխատում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, մշտապես իրականացնում է կարևոր փորձագիտական աշխատանքներ:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, իրականացվում են տնտեսական բազմաթիվ նախագծեր՝ հավելելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը:
Վյաչեսլավ Վոլոդինը կարևորել է միջխորհրդարանական համագործակցության դերը, նաև՝ գործակցությունը միջազգային տարբեր հարթակներում: Նա ընդգծել է, որ ռուս-հայկական բարեկամական հարաբերություններն ունեն խոր արմատներ: Ըստ Վյաչեսլավ Վոլոդինի՝ նոյեմբերի 5-ին կայանալիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում կքննարկվեն մի շարք կարևոր օրակարգային հարցեր: