Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Սալոմե Զուրաբիշվիլիին նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը լավ հարևաններ են, և միշտ էլ հաճելի է հանդիպել բարեկամ երկրի նախագահի հետ։
Ընդգծելով հայ և վրացի ժողովուրդների հազարամյակների բարեկամության պատմությունը՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության շատ լայն շրջանակ և, անկասկած, հսկայական ներուժ։
«Մեր համատեղ գործունեության հնարավորությունները շատ ավելի մեծ են, և միասին կարող ենք շատ ավելին անել մեր երկրների ու ժողովուրդների համար»,- ընդգծել է ՀՀ նախագահը։
Սալոմե Զուրաբիշվիլին իր հերթին նշել է, որ երկու ժողովուրդները միասին երկար ճանապարհ ունեն անցնելու, և նրանցից է կախված, թե ինչպես կօգտագործեն տարածաշրջանում առկա մեծ ներուժը։
Վրաստանի նախագահը Հայաստանի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան։
Երկու երկրների նախագահները քննարկել են տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության հեռանկարները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության ու զարգացումների շուրջ։ Նշելով, որ Կովկասը մի տարածաշրջան է, որտեղ խաչվում են տարբեր քաղաքակրթություններ ու մշակույթներ, և բավականին մեծ են փոխգործակցության ու համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները՝ նրանք համաձայնել են, որ միմյանց նկատմամբ հարգանքը, հանդուրժողականությունն ու կայունությունն առաջընթացի կարևոր և անհրաժեշտ պայման են: