Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ղեկավար Մաչեյ Չուռայի հետ: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու նախանշել առաջիկա անելիքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում, մայրաքաղաքում ընթացքի մեջ են մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները, քայլեր են ձեռնարկվում երևանյան պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները ևս նախագծում ընդգրկելու ուղղությամբ: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակում էլ նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում հստակեցնել գործակցության նոր ուղղությունները՝ ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու նպատակով:
Կարևորելով գործակցության ընդլայնումը՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ համատեղ ծրագրերը լուրջ դերակատարում կարող են ունենալ բնակիչների կյանքի որակի բարձրացման վրա:
Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ղեկավար Մաչեյ Չուռան էլ իր հերթին նշել է, որ Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է իրենց համար և ընդգծել, որ բանկը պատրաստակամ է ընդլայնել ծրագրերն ու ընդգրկել նոր ոլորտներ: