Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը կողմ չէ սփյուռքահայերին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու կարգը խստացնելու վերաբերյալ ԱԱԾ-ի առաջարկին։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին։
Նրա խոսքով՝ այս նախագիծը հայրենադարձության վրա չի ազդի․ այն մարդիկ, որոնք նպատակ ունեն հայրենադարձվելու, կհայրենադարձվեն, 60 օրը անցկացնեն, որից հետո կդիմեն քաղաքացություն ստանալու։ Սինանյանը, սակայն, այլ խնդիրներ է տեսնում։
«Այլ հարց է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իմաստով դրական փոփոխություն չէ ու մեր գերատեսչությունը կողմ չէ։ Մեր գերատեսչությունն այս փոփոխությանը կողմ չէ»,- նշեց պաշտոնյան։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նաև նշեց, որ դժգոհությունները հայտնել են ԱԱԾ-ին և այդ կառույցը պետք է հիմանավորումներ ներկայաննի նման նախագիծ շրջանառության մեջ դրել։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության հեղինակած օրինագծով առաջարկվում է սփյուռքահային ՀՀ քաղաքացիություն տրամադրել այն դեպքում, եթե վերջինս վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվել է ՀՀ-ում։
Մանրամասները՝ տեսանյութում։