Շաբաթներ շարունակ փողոցային պայքարի դուրս ելած խորհրդարանական ընդդիմությունը չի հստակեցնում արդյոք մասնակցելու են խորհրդարանի՝ աշնանը մեկնարկող նիստերին։ Ընդդիմադիրները կրկին պնդում են՝ Ազգային ժողով վերադառնալու են բացառապես իրենց օրակարգով։
Խորհրդարանի նախկին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն «Ազատության» հետ զրույցում նշել է, որ ընդդիմության օրակարգը Արցախի հարցն է, հայ-թուրքական հարաբերությունները և Փաշինյանի հեռացումը։
«Ընդդիմությունը խորհրդարան գնալու է բացառապես իր օրակարգով: Ո՞րն է մեր օրակարգը, այդ օրակարգը ձևավորել է մեր ժողովուրդը, այդ օրակարգի համար պայքարում է «Դիմադրության շարժումը», դա Արցախի հարցն է, Հայաստանի անվտանգությունը և Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Մենք եթե գնանք խորհրդարան, գնալու ենք բացառապես այդ օրակարգով, մնացած պարագաներում բացառված է և այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարել ենք», – նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, – «մեր դիրքորոշումը մշտապես հայտնի է եղել և այդ մասին հայտարարել ենք: Օրինակի համար, եթե մենք այն արտահերթ նիստը, այն օրակարգով, որ տեղի ունեցավ, որ հրավիրել էին հունիսի 3-ին, եթե որոշենք, որ նման արտահերթ նիստ և իմ հնչեցրած որևէ օրակարգով արտահերթ նիստ հրավիրել Ազգային ժողովի, մենք հրավիրելու ենք և այդ օրակարգով գնալու ենք: Այսինքն՝ մենք գնալու ենք բացառապես մեր օրակարգով, այն օրակարգով, որը հայտարարել է «Դիմադրության շարժումը»: Նպատակահարմար կգտնենք այդ օրակարգերով արտահերթ նիստ հրավիրել և գնալ, գնանք, չենք հրավիրի, չենք գնա: Այսինքն՝ այստեղ գլխավորը մեր օրակարգի սպասարկումն է, մնացածն արդեն երկրորդական են»:
Խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավորին փոխանցեցինք՝ իշխանության ներկայացուցիչները տարակուսած են, թե ինչպես է ընդդիմությունը հաջողելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթի ենթարկելու գործընթաց նախաձեռնել Ազգային ժողովում, եթե չունի դրա համար բավարար թվով ձայներ։
«Իմփիչմենթի մասին մենք շատ հանգամանալից և մանրամասն կխոսենք սեպտեմբերին: Մեր դիրքորոշումն այս մասին ևս ես բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ մենք այդ գործընթացը կսկսենք այն ժամանակ, երբ որ դրա հաջողությանը հասնելու համար լինեն բավարար պայմաններ և հիմքեր: իսկ ինչպե՞ս, էդ նույն հարց տվողները կտեսնեն, թե ինչպես: Հիմնական օրակարգից իրենք փորձում են շեղել ու այս ամեն ինչը դարձնել խորհրդարան գնալ-չգնալու կամ պայքար իշխանության համար: Այդ նույն պատգամավորները թող ասեն՝ Արցախից ի՞նչ կա, Հայաստանի անվտանգությունից ի՞նչ կա», – արձագանքեց Սաղաթելյանը: