Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«2022 թվականի հունիսի 27-ին Դավիթ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջին տեղադրված տեսանյութն ակնհայտորեն ի ցույց է դնում թե ինչպես են մի խումբ ադրբեջանցիներ, տեղափոխում Բերձորի (Լաչին) ճանապարհին տեղադրված խաչքարը: Նույն աղբյուրի համաձայն, այդ հատվածով պետք է անցնի ադրբեջանցիների կողմից կառուցվող և Բերձոր քաղաքը շրջանցող նոր ճանապարհը, որը սկսվում է Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղին հարակից հատվածից և անցնելով Արցախի Հինշեն, Մեծշեն գյուղերով, ավարտվում Լիսագորում:
Մեր արձագանքը
Մշակութային ժառանգությունը, որը ստեղծել է որոշակի համայնք, այս դեպքում` արցախահայությունը, արժեքավոր և իրական է այն ձևով, նշանակությամբ, տեղադրությամբ և լանդշաֆտով, որով այն ստեղծվել է և ցանկացած փոփոխություն ակնհայտորեն վնաս է հասցնում այդ ժառանգության իսկությանը, ամբողջականությանը և խաթարում է վերջինիս գործառույթը։
Մշակութային ցանկացած արժեք ամբողջական է դառնում նաև շրջակա տարածքի և բնության հետ փոխհարաբերություների արդյունքում և այն իր մշակութային լանդշաֆտից օտարելը խախտում է ժառանգության պահպանության սկզբունքներն, ինչպես նաև միջազգային բազմաթիվ չափանիշներ։ Խաչքարը տեղահանելով և տեղափոխելով նախ և առաջ խաթարվում է վերջինիս իսկությունն ու ամբողջականությունը։ Սկզբունքներ, որոնք բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թ․ Ճապոնիայում ընդունված իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից, ԻԿՕՄՕՍ-ի և Բուրրայի խարտիայից և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից:
Ժառանգության պահպանությունն իր պատմական բոլոր դրսևորումներով և ժամանակագրությամբ արմատավորված է ժառանգությանը վերաբերող արժեքներում և այն ընկալելու մեր ունակությունը կախված է դրանց վերաբերյալ տեղեկատվական աղբյուրների արժանահավատության աստիճանից, որոնք ստեղծում են անհրաժեշտ հիմք իսկության բոլոր կողմերի սահմանման համար, որոնք պետք է թույլ տան հասկանալու մշակութային ժառանգության տեսակը, առանձնահատկությունները, նշանակությունը և պատմությունը (Իսկության մասին Նարայի փաստաթուղթ, 1994թ․ Ճապոնիա): Իսկության ընկալումը հիմնարար դերակատարություն ունի մշակութային ժառանգության, պահպանությանն առնչվող բոլոր գործընթացներում:
Ժառանգության հուշարձանները պետք է քննության առնվեն և գնահատվեն դրանց պատկանելության մշակութային համատեքստի հիման վրա: Իսկության երևույթները կարող են ընդգրկել ձևը և նախագծումը, նյութերը և նյութակազմը, օգտագործումը և գործառույթը, տեղադրումը, ավանդույթները, գտնվելու վայրը և կատարաելաեղանակը, ոգին և զգացմունքները, ինչպես նաև արտաքին և ներքին գործոնները: Նաև ըստ Հաագայի 1954 թվականի «Զինված հակամարտության ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիային կից երկրորդ արձանագրության (1999) 9-րդ հոդվածի գ ենթակետի՝ «Մշակութային արժեքների պաշտպանությունը բռնազավթված տարածքներում», արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխում, այդ թվում` օգտագործման ձևի և գործառույթի որևէ փոփոխություն»: