Օրակարգում է մնում Երևանում նաև 2023 թվականին վերելակների փոխարինման ծրագիրը: Այս մասին քննարկում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական նիստի ժամանակ։
Հանձնարարվեց մրցութային բոլոր գործընթացները կազմակերպել արդեն այս տարվանից, որպեսզի հաջորդ տարի ծրագիրը միանգամից գործնական փուլ տեղափոխվի:
Նախանշված 500 վերելակին, միջոցների առկայության պարագայում, կգումարվի ևս 200-ը:
Երևանում նախատեսվում է նաև նոր կանգառասրահներ տեղադրել: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում: Աջափնյակ վարչական շրջանից մեկնարկած ծրագրով կտեղադրվի 10 նոր կանգառասրահ. աշխատանքներն ավարտական փուլում են:
Ինչ վերաբերում է Երևանում գծանշում իրականացնող ընկերությանը, ապա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրահանգով այն պետք է վերացնի թերությունները: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարեց հսկողություն սահմանել տեխնիկական պայմանների խախտումով արված հատվածներում գործընթացը նորից կազմակերպելու նկատառումով: