Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 26-ին ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Աբդուլլա Շահիդի նախագահությունը Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում:
ԱԺ փոխնախագահն արժևորել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքը` ուղղված մեր երկրի ընթացիկ բարեփոխումների աջակցմանը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ներդրման համար:
Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների այցելության անհրաժեշտությունը` հատկապես հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի համատեքստում:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ուղղված այլ հարցեր: