Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 5-ին մեկօրյա այցով կմեկնի Սոչի։ РБК-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Էրդողանի գրասենյակը։
Ինչպես գրում է Habertürk-ը, Սոչիում Էրդողանը մտադիր է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպասվում է, որ նրանք կքննարկեն Ուկրաինայի հակամարտությունը, ինչպես նաև կգնահատեն հացահատիկային միջանցքի իրադրությունը։
Ավելի ուշ հանդիպման մասին տեղեկությունը հաստատել է նաև Կրեմլը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինն ու Էրդողանը կքննարկեն տարածաշրջանային խնդիրներն ու երկկողմ հարաբերությունները։
Նախորդ անգամ պետությունների ղեկավարները հանդիպել են հուլիսի 19-ին Թեհրանում կայացած եռակողմ գագաթնաժողովի ժամանակ: Գագաթնաժողովից առաջ Էրդողանն ու Պուտինը երկկողմ բանակցություններ են վարել։ Այդ ժամանակ նրանք քննարկել են նաև ուկրաինական հացահատիկի արտահանման հարցը։ Մի քանի օր անց Ռուսաստանն ու Ուկրաինան համապատասխան համաձայնագրեր են կնքել Թուրքիայի հետ։