Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության ուղղությամբ Թուրքիայի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել։ Այս մասին հայտնում է թուրքական Haber 7 հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի առաջնորդի հայտարարությունը։
Բացի այդ, Էրդողանը հայտարարել է, որ ԱՄԷ-ն Թուրքիային իր տարածքում Baykar գործարան ստեղծելու առաջարկ է արել։
Baykar Makina-ն հիմնադրվել է 1984 թվականին։ Այն պատկանում է երկու եղբայրներին՝ Հալուկին և Սելչուկ Բայրաքթարներին։ Վերջինս ամուսնացած է Թուրքիայի նախագահի դստեր՝ Սումեյյա Էրդողանի հետ։
Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերն օգտագործվել են Իրաքում, Սիրիայում և Լիբիայում գեներալ Խալիֆա Հաֆթարի բանակի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբաղի պատերազմում 2020 թվականի աշնանը: 2021 թվականի աշնանից անօդաչուների հիմնական գնորդն Ուկրաինան է։