Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնված է։
Այս մասին Facebook-ի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության բաժնի պետ Լևոն Սարդարյանը։
Իր հերթին Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում՝ ժամը 09:30-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Armenia Today-ի հարցին, թե բավարարվել է արդյոք մեքենավարների պահանջը, Տաթև Խաչատրյանը նշեց, որ դեռ պարզ չէ, սպասենք պաշտոնական հաղորդագրության։
Նշենք, որ Մետրոպոլիտենի մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։
Մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցել է մեքենավարների հետ՝ ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների բնականոն կատարմանը։
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը Armenia Today-ին հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում ստեղծված իրավիճակը սոցիալական է․ մեքենավարները պահանջում են աշխատավարձերի բարձրացում
Թե կոնկրետ որքան են պահանջում ավելացնել աշխատավարձերը, Խաչատրյանը կոնկրետ չկարողացավ նշել։
«Հստակ թիվ նշել չեմ կարող, որովհետև նրանք ըստ գրաֆիկի են վարում և վճարումն ինչ-որ առումով տարբեր է»,- ասել էր նա։
Նշենք, որ օրական 70 000 ուղևոր տեղափոխող մետրոն առավոտից փակ է։