ԱՄՆ պետքարտուղարը, ինչպես նաև բոլոր մակարդակներում ԱՄՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, շարունակում են աշխատել Հայաստանի և Ադրբեջանի իրենց գործընկերների հետ երկրների միջև երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հասնելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Նա նշել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շարունակվող փոխգործակցության և դիվանագիտական բանակցությունների շնորհիվ և հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ։
Մեկնաբանելով լրագրողների այն հարցը, թե Ալիևն իր վերջին հայտարարություններում չի հիշատակում ԵԱՀԿ Մինսկի խումբը և, ըստ էության, քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, Փրայսը հիշեցրեց, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբում համանախագահում է 1994 թվականից, և Վաշինգտոնը պատրաստ է օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին ցանկացած ձևաչափով, որն արդյունավետ կլինի։
«Մենք Մինսկի խմբի համանախագահներ ենք 1994 թվականից, բայց, ինչպես արդեն ցույց ենք տվել,մենք նաև ցանկանում ենք երկրների հետ համագործակցել երկկողմ ձևաչափով՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ և համապարփակ խաղաղություն»,- ասել է Փրայսը:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին։