Այսօր՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանությունն ավարտվել է պայթյունով։
Ինչպես հայտնում է կայքը՝ նույն թաղամասի շենքերից մեկի բնակիչ 30-ամյա Արթուր Ղ․-ն բակում ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է արել նույն թաղամասի բնակիչ 35-ամյա Մհեր Մ․-ին, որից հետո առաջացել է վիճաբանություն։ Ու այդ ընթացքում Մհեր Մ․-ն գնացել է իր տուն, վերցրել «մարտական նռնակը», իջել բակ և վախեցնելու նպատակով պայթեցրել, որից հետո Արթուր Ղ․-ն ծեծի է ենթարկել Մհեր Մ․-ին։
Ոստիկանները հայտնաբերել են երկուսին և ներկայացրել Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ և Մհեր Մ․-ն ձերբակալվել է։
Պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։