Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգմամբ` Եվրոպական միության հետ երկկողմ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել 14.2 մլն եվրո։ Այս մասին հայտնում է փոխվարչապետի խորհրդական Մանե Ադամյանը։
Նա նշում է, որ Քովիդ համավարակի արդյունքում առաջացած խնդիրների մեղմման և սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացման նպատակով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կողմից իրականացվող բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել ծրագրի վերջին հատկացումը` 6 մլն եվրո արժողությամբ:
Ընդհանուր առմամբ` այս ծրագրի շրջանակում վերջին երկու տարվա ընթացքում պետական բյուջե է փոխանցվել 30 մլն եվրո դրամաշնորհ` ծրագրով սահմանված բոլոր նախապայմանների 100% կատարողականով:
Ինչ վերաբերում է երկրորդ ծրագրին, ապա Դատաիրավական բարեփոխումներին աջակցելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել ծրագրի հերթական հատկացումը` 8.2 մլն եվրո արժողությամբ:
Ընդհանուր առմամբ` ծրագրի շրջանակում վերջին երկու տարվա ընթացքում պետական բյուջե է փոխանցվել 17.2 մլն եվրո դրամաշնորհ: Ծրագիրը կավարտվի հաջորդ տարի: