Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ նախորդ դատական նիստին Ավետիք Չալաբյանի պաշտպաններ Վարազդատ Հարությունյանն ու Արթուր Հարությունյանը լքել էին դատական նիստի դահլիճը՝ հայտարարելով, որ ժամանակին ծանուցում չեն ստացել գործի նյութերին ծանոթանալու համար։
Հիշեցնենք, որ 2022թ. մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ, ինչի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Քննությամբ պարզվել է, որ Ավետիք Չալաբյանը, հանդիսանալով ընդդիմության կողմից կազմակերպված շարժումների ակտիվ անդամ և նպատակ ունենալով իրականացվող հավաքներին, անհնազանդության ակցիաներին, ցույցերին ապահովել բազմամարդություն և այդ կերպ լայն շրջանակներ ներգրավելու համար նյութական շահագրգռվածության դիմաց մասնակից դարձնել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին, նույն համալսարանի դասախոսներից մեկի և այլ անձի հետ նախնական համաձայնությամբ, 2022թ. մայիսի 4-ին նախաձեռնել և հանդիպել է ուսխորհրդի նախագահի հետ՝ առաջարկելով մոբիլիզացնել շուրջ 2000 ուսանողի, որի դիմաց առաջարկել է տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար, յուրաքանչյուր ուսանողի համար՝ 1000 ՀՀ դրամ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսին և Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: