Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022 թվականի հունիսի 28-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 12-րդ հայցադիմումը, որը 2022թ. հուլիսի 11-ին ընդունվել է վարույթ:
Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող թվով 28 անշարժ գույքեր, թվով 16 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.552.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև մասնակցություններ թվով 6 իրավաբանական անձերում:
Իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 668.160.803 ՀՀ դրամ փոխառությունների պահանջի իրավունքը:
19.236.606 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 18.656.316 ՀՀ դրամ՝ ավանդների մնացորդ, ինչպես նաև 17.027.871 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան մեկ մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար:
Անազատության մեջ գտնվելուց հետո 2020-ի հունվարի 15-ին գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։
Խափանման միջոցի փոփոխությունից հետո փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել Գրիգորյանի հետագա բուժումը Ֆրանսիայում շարունակելու համար։ Միջնորդությունը, սակայն, մերժվել էր։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մահացել է 2020 թվականին։