Օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը քննարկվելու է ռազմատեխնիկական համագործակցության թեման:
Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar Makina ընկերության հետ համագործակցության հանդեպ Ռուսաստանի հետաքրքրության մասին հաղորդագրությունները:
«Երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես գտնվում է օրակարգում, և այն փաստը, որ նման զգայուն ոլորտում զարգանում է մեր փոխգործակցությունը, վկայում է այն մասին, որ ընդհանուր առմամբ մեր փոխհարաբերությունների ողջ համալիրը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա»,-ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ Պուտինի և Էրդողանի վերջին շփումների ընթացքում տարբեր հարթություններում ռազմատեխնիկական համագործակցության թեման շոշափվել է: «Եվ, որպես կանոն, գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ տարբեր ասպեկտներ են քննարկվում։ Այդ պատճառով, այո, ռազմատեխնիկական համագործակցության թեման հավանաբար կքննարկվի նաև Սոչիում», – ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Թուրքիայի հետ համագործակցել Bayraktar TB2 թուրքական հարվածային անօդաչուների արտադրության ուղղությամբ: