«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել դատավոր Նաիրա Հովսեփյանը: Ուշագրավ է, որ դատական համակարգի՝ մշտապես աղմուկ բարձրացրած, ճնշումների մասին խոսող դատավորները չեն եղել երեկվա ժողովին: Օրաթերթը ֆիքսեց, որ չկային Զարուհի Նախշքարյանը, Մխիթար Պապոյանը, Արման Հովհաննիսյանը, Վազգեն Ռշտունին եւ այլք, այսինքն՝ մշտապես դատական համակարգի վրա գործադրվող ճնշումների մասին բարձրաձայնող դատավորները բոկոտել էին նիստը: Հետաքրքիր է, որ չէին եկել նաեւ աղմկահարույց գործեր քննող դատավորները: Նրանց թվում են դատավորներ Արման Դանիելյանը եւ Մնացական Մարտիրոսյանը: Ըստ էության, դատական համակարգը բաժանվել է երկու մասի, եւ այդ մասերի բաժանված դատավորների խմբերը ներկա չէին ժողովին. չէին եկել եւ ճնշումների մասին բարձրաձայնող դատավորները, եւ ճնշումների ենթարկված, աղմկահարույց գործեր քննող դատավորները»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը վերջապես որոշել է վերահսկել օնլայն տաքսի ծառայությունների ոլորտը: Ինչպես հայտնի է, երկար ժամանակ է, ինչ բազմաթիվ վարորդներ, որոնք իրենց ավտոմեքենաներով իրականացնում են ուղեւորափոխադրումներ, բայց չեն վերահսկվում եւ չեն հարկվում: Ըստ ՏԿԵ-ի՝ ստացվում է, որ էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղեւորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով եւ փոխանցելով անհատ վարորդներին: Օրաթերթը տեղեկացավ, որ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորների պատվերներ գրանցելու եւ փոխանցելու գործունեությունը կսահմանվի ծանուցման ենթակա գործունեություն: Սահմանվելու են կարգավորումների խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցները: Օրինակ՝ եթե էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր փոխադրման համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով եւ կարգով պետական տուրքի գանձումը չապահովեն, ապա կարող են 300 հազար դրամով տուգանվել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին ճգնաժամի հետեւանքով բազմաթիվ կենսաթոշակային ֆոնդեր լուրջ գումարներ կորցրեցին, եւ չկա ոչ մի երաշխիք, որ այդպիսի բան էլ չի կրկնվի: Նման կորուստները փոխհատուցելու բավարար միջոցներ ՀՀ կառավարությունը չունի: Երաշխավորումը բյուջեով փաստարկ է միայն միամիտների համար: Իսկ թե որքան արդյունավետ կկառավարվեն քաղաքացիների կուտակած միջոցները, մեծ հարց է»,- սա ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2014-ին տված հարցազրույցից մի հատված է, որտեղ նա, անդրադառնալով այն ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից երեւան բերված, մշակված ու իրագործված կուտակային կենսաթոշակների ծրագրին, ահազանգում էր՝ կուտակայինը կարող է ձախողվել, քաղաքացիների միջոցները՝ կորչել անվերադարձ: Կուտակային կենսաթոշակների դեմ նաեւ մերօրյա իշխանավորներից շատերն էին պայքարում՝ գետնին նստելով եւ համարելով, որ քաղաքացուն չի կարելի ստիպել վաղվա օրվա համար ավելի շատ գումար կուտակել: Ժամանակների հետ նրանց դիրքորոշումներն էլ փոխվեցին, ու, ի տարբերություն նախագծի կնքահայր Տիգրան Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կուտակայինի «պարտադիր» բաղադրիչը տարածեց բոլորի վրա»։