Կառավարության այսօր ընդունած որոշմամբ՝ մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով հիփոթեքային վարկավորման տեղեկանք կտրամադրվի 2022 թվականին դիմում-հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին։
Ինչպես կառավարության նիստի ժամանակ զեկուցեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ ռազմաուսումնական հաստատություն ավարտած և սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար կսահմանվի առաջնահերթության կարգով ծրագրում ընդգրկվելու հնարավորություն։
Իր հերթին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, որը վարում է նիստը վարչապետի՝ արձակուրդում գտնվելու կապակցությամբ, նշեց, որ արտոնյալ պայմաններում տրվող վարկի մայր գումարի 10 տոկոսը և վարկի 7 տոկոս կազմող տոկոսադրույքի 3 տոկոսը կտրամադրի պետությունը։
Նա նաև նշեց, որ այս տարի բնակարան ստանալու համար հաշվառվել է 1018 զինծառայող, որից վիճակահանությամբ միայն 492-ն է ստացել տեղեկանք։ Սակայն այս նախագծի միջոցով մնացած՝ թվով 526 զինծառայողները ևս կստանան տեղեկանք։