Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 28-ի նիստում հաստատեց Առողջապահության նախարարությանը 851 միլիոն դրամ հատկացնելու մասին հարցը։ Գումարը նախատեսված է 5 բժշկական կենտրոնների վերակառուցմանն ու կառուցմանը, ինչպես նաև մեկ ԲԿ-ի կառուցման նախագծանախահաշվային փաթեթի պատրաստմանը։
Ինչպես նիստի ժամանակ զեկուցեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ կապիտալ վերանորոգվելու է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» (163 մահճակալ, որից 6-ը վերակենդանացման), Արմավիրի մարզի Վաղարշապատի՝ (90 մահճակալ, 8-ը՝ վերակենդանացման) և Արագածոտնի մարզի Աշտարակի (32 մահճակալ, որից 3-ը՝ վերակենդանացման) ԲԿ-ները, Արարատի մարզի Արտաշատի ԲԿ-ի պոլիկլինիկական մասնաշենքը, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիրի( 30 մահճակալ) և Կոտայքի մարզի «Նաիրի ԲԿ»-ների (25 մահճակալ) համար կառուցվելու են ամբողջովին նոր շենքներ։ Բացի այդ՝ կազմվելու է Արթիկի նոր ԲԿ-ի կառուցման նախագծանախահաշվային փաթեթը։
Ինչպես նշեց Ավանեսյանը՝ այս նախագծի հաստատմամբ կառուցման կամ վերակառուցման ենթարկվող բժշկական կազմակերպությունների թիվը կդառնա 13, որից երկուսը հանրապետական նշանակության են, իսկ 11-ը՝ մարզային։
Նախարարը նշեց, որ այս ԲԿ-ները նաև ունենալու են նոր սարքավորումներ և հագեցվելու են գույքով։ Իսկ հաջորդ փուլով ուշադրության կենտրոնում կներառվեն հատկապես պոլիկլինիկաների շենքային պայմանների բարելավման հարցերը։