2020 թվականի սեպտեմբերին Օքսֆորդի համալսարանից Հայաստան ժամանած պրոֆեսոր Բերտրան Վենարն օգոստոսի վերջին ավարտում է իր գործունեությունը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի պաշտոնում։
Պրոֆեսոր Բերտրան Վենարը ՀՖՀՀ-ի ռեկտորի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Արցախյան պատերազմի մեկնարկից մի քանի օր առաջ։ Նրա ժամանումը, այսպիսով, համընկավ Հայաստանի համար առանձնապես ծանր ժամանակաշրջանի հետ։
Համալսարանին, վերջինիս ուսանողներին, անձնակազմին և ընդհանրապես Հայաստանին շատ նվիրված լինելով՝ պրոֆեսոր Բերտրան Վենարն ուղեկցել է ՀՖՀՀ-ի հաջողություններն այս 2 տարիների ընթացքում: Նա մշակել և գործարկել է «Հորիզոն ՀՖՀՀ 2021-2025» ծրագիրը, որը համալսարանի գերազանցությանը համահունչ հավակնոտ ռազմավարություն է: Նշանակալի արդյունքներից են. 2 տարում ընդունելության քննություններին գրանցվածների 33% աճ, ուսանող զինվորների վերաինտեգրման ծրագիր (PRES) և ծառայությունից վերադարձած ուսանողների վերաինտեգրման ծրագիր դեպի հաջողություն (PREM’S), «Աքսելերատոր 28»-ի ստեղծում, նոր տեղեկատվական համակարգի, վիզուալ նոր ինքնության և նոր կայքէջի ստեղծում, շենքային պայմանների բարելավում, բարեվարքության ամրապնդում, ինչի վառ ապացույցն է եղել ՄԱԿ-ի «Կրթության պատասխանատու կառավարման սկզբունքներ» (PRME) նախաձեռնության կողմից միջազգային հավատարմագրում ստանալը:
ՀՖՀՀ-ում իր պաշտոնավարման ավարտից հետո պրոֆեսոր Բերտրան Վենարը կշարունակի ակադեմիական կարիերան Աուդենսիա բիզնես դպրոցում (Ֆրանսիա):
Ուսանողների, շրջանավարտների, դասախոսների և վարչական անձնակազմի անունից ՀՖՀՀ-ն շնորհակալություն է հայտնում ռեկտոր Բերտրան Վենարին համալսարանական համայնքի և Հայաստանի հանդեպ ցուցաբերած նվիրվածության և հոգածության համար, ինչպես նաև մաղթում բազմաթիվ հաջողություններ հետագա գործունեության մեջ, տեղեկացնում են ՀՖՀՀ-ից: