«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում բնակարանների բարձր վարձավճարները քաղաքացիներին զայրացնում է: Ընդ որում՝ դրանք բարձրացել են ոչ միայն Երեւանում, այլեւ մարզային մյուս քաղաքներում: Օրինակ՝ էջմիածնում, Վանաձորում վարձու բնակարանների գները սկսում են 70-80 հազար դրամից եւ հասնում են մինչեւ 150-200 հազար դրամի: Կան նաեւ ավելի բարձր վարձավճարներով բնակարաններ: Երեւանում ամսական 100 հազար դրամով բնակարան վարձելն այլեւս քաղցր հուշ է: Մայրաքաղաքում բնակարանների վարձերը սկսում են 250 հազար դրամից: Օրինակ՝ Նորքի 3-րդ զանգվածում 65 քմ բնակարանի վարձը 350 հազար դրամ է, իսկ Արաբկիր վարչական շրջանում մեկ սենյականոց բնակարանի ամսական վարձը սկսում է 1000 դոլարից, Ազատության պողոտայում 50 քմ բնակարանի ամսական վարձը 380 հազար դրամ է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ այս տարվա ապրիլի 27-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է տնտեսական քաղաքականության խորհուրդ: Խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանն է: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով խորհրդի անդամներն այցելելու են Հայաստան, եւ, բնականաբար, նրանց այցի կապակցությամբ ճանապարհածախսի, կեցության, սննդի, արարողակարգային եւ այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսեր են կատարվելու պետբյուջեի հաշվին: Նախ՝ նշենք, որ խորհրդի անդամներից են նաեւ պրոֆեսորներ Իսպանիայից, ԱՄՆ-ից, Իսրայելից եւ այլ երկրներից, եւ հենց նրանց՝ Հայաստանում գտնվելու ծախսերն են հոգալու պետբյուջեի հաշվին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմիններում խառնաշփոթ է ստեղծվել: Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններից հետո իրավապահ համակարգում քննարկում է եղել քրեական գործերի ենթակայության հարցը բարձրացնել, եւ եթե որեւէ նախաքննական մարմնում, օրինակ՝ ԱԱԾ-ում, Հակակոռուպցիոն կոմիտեում կան այնպիսի քրեական գործեր, որոնք իրենց կառույցի քննության ենթակա գործ չեն, ապա ուղարկել՝ ըստ ենթակայության: Արդյունքում նախաքննական մարմինները սկսել են քրեական գործերը մեկը մյուսին ուղարկել, ինչը համակարգում աշխատանքային խառնաշփոթ է ստեղծել: Այս իրավիճակն առավել զայրացրել է փաստաբաններին, քանի որ գործերի քննությունները կանգ են առել, ու, ըստ նրանց, մինչեւ նոր քննիչը ծանոթանա արդեն մեկ տարի քննված գործին, իրենց պաշտպանյալի իրավունքները կխախտվեն»: