«Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի դատական նիստը հետաձգվեց նրա առողջական խնդիրների պատճառով։
Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ կալանավայրից դուրս գալուց հետո նա բժշկական ուսումնասիրություն է անցել։
«Բժիշկները Ավետիք Չալաբյանի մոտ ախտորոշել են հիպերտոնիկ կրիզ, զարկերակային հիպերտենզիա երրորդ աստիճանի: Ցանկանում էինք միջնորդություն ներկայացնել դատական նիստը հետաձգելու, բայց Չալաբյանը պնդեց, որ ցանկանում է, է մասնակցել այսօրվա նիստին»,- ասաց պաշտպանը։
Ավետիք Չալաբյանն էլ հայտարարեց, որ կալանավայրում գտնվելու շրջանում հիպերտոնիան սրվել է և սրտի ծակոցներ ունի։
«Ես երախտապարտ կլինեի, եթե գոնե մեկ շաբաթով հետաձգեիք այս լսումները, որ հնարավորություն ունենայի վերականգնելու առողջությունս»,-ասաց նա:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ այսօր դատական նիստը չի կարող տեղի ունենալ, քանի որ առողջական վիճակի վերաբերյալ բժշկական տեղեկանք ներկայացվեց։
Նշենք, որ Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր 2022 թ. մայիսի 12-ին՝ Ագրարային համալսարանի ուսանողներին Հայաստանում քաղաքական ընդդիմության հավաքներին մասնակցության համար նյութապես շահագրգռելու կասկածանքով: Մայիսի 14-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել:
Հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեից հաղորդել էին, որ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվել է և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։