Թուրքական «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբը ներողություն չի խնդրի Ուկրաինայից՝ Կիևի «Դինամոյի» հետ հանդիպման ժամանակ երկրպագուների կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան վանկարկումների համար։ Այս մասին հայտարարել է «Ֆեներբահչեի» նախագահ Ալի Քոչը, փոխանցում է Daily Sabah-ը։
«Մենք չենք պատրաստվում ներողություն խնդրել Ուկրաինայից։ Ուկրաինայի դեսպանը և ԱԳ նախարարի մամուլի քարտուղարը պետք է ներողություն խնդրեն մեզանից իրենց անտեղի արտահայտությունների համար», – մեջբերում է պարբերականը: Նշվում է, որ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանն ավելի վաղ ափսոսանք էր հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Ստամբուլում՝ «Ֆեներբահչեի» և Կիևի «Դինամոյի» միջև Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ժամանակ։ Երկրորդ խաղակեսի կեսին ուկրաինական թիմը բացեց հաշիվը, որից հետո թուրք երկրպագուները սկսեցին վանկարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը։
Ավելի վաղ Armenia Today -ը հայտնել էր, որ եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հետաքննություն է սկսել թուրքական ակումբի երկրպագուների վարքագծի վերաբերյալ: