Օգոստոսի 1-ին, Երևանում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանի և Վահե Գևորգյանի ու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի գլխավորությամբ կայացել են եվրոպական տարածաշրջանում գործող միջազգային կառույցների թեմայով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ:
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ քննարկվել է միջազգային կառույցների գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ հետագա փոխգործակցությունը: Արձանագրվել է դաշնակցային համագործակցությանը համահունչ՝ ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններ անցկացնելու պրակտիկան շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը:
Խորհրդակցությունների ավարտից հետո ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել ավանդական բարեկամական և վստահության մթնոլորտում խորհրդակցությունների հաջող անցկացման կապակցությամբ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժն ու փորձն օգտագործելու կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան: