Հայաստանի տղամարդկանց հավաքականը համաշխարհային շախմատային օլիմպիադայի առաջատարն է։ Այս մասին տեղեկանում ենք Շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքէջից։
Նշվում է, որ 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում էր Հնդկաստանի հավաքականի հետ: Չնայած մեր հավաքականի կազմից Գաբրիել Սարգսյանը պարտություն կրեց, սակայն հաղթանակ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղաց։ Այսպիսով Հայաստան-Հնդկաստան մրցավեճն ավարտվեց 2,5-1,5 հաշվով: Հանգստյան օրերին ընդառաջ Հայաստանի հավաքականը 12 միավորով առաջատարի դիրքում է։
Նշենք, որ մինչ այս Հայաստանի շախմատի հավաքականը Արմեն Փաշիկյանի գլխավորությամբ նախորդ 5 տուրերում հաղթանակներ է տարել՝ առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի և Անգլիայի հավաքականների նկատմամբ:
Շախմատիստները կվայելեն վաղվա հանգստյան օրը, իսկ խաղերը կվերսկսվեն օգոստոսի 5-ին՝ ըստ ժամանակացույցի։ Բոլոր ուշադրության կենտրոնում կլինի առաջին տեղի համար պայքարը, որը կվիճարկեն Հայաստանի և ԱՄՆ-ի հավաքականները։
Այս պահին մրցաշարային աղյուսակն այս տեսքն ունի՝
Հայաստան (12 միավոր) – Ամերիկայի Միացյալ Նահանգներ (11 միավոր)
Հնդկաստան A (10 միավոր) – Հնդկաստան C (10 միավոր)
Ֆրանսիա (10 միավոր) – Հոլանդիա (10 միավոր)
Սերբիա (10 միավոր) – Գերմանիա (10 միավոր)
Կուբա (10 միավոր) – Հնդկաստան 2 (10 միավոր)
Պերու (10 միավոր) – Ուզբեկստան (10 միավոր):
Շախմատի համաշխարհային օլիմպիադան ընթանում է Հնդկաստանի Չեննայ քաղաքում՝ հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը: Հայաստանի հավաքականը ներկայացված է տղամարդկանց և կանանց կազմերով: Շախմատի տղամարդկանց հավաքականի կազմում են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: