Կառավարության անդամները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօրվա նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերի ընթացքում Արցախում զոհված 2 զինծառայողների հիշատակը։
Նիկոլ Փաշինյանը, որն արձակուրդից պետք է վերադառնար օգոստոսի 6-ին, այսօր ինքն էր վարում կառավարության նիստը։ Նա հայտնեց, որ Արցախում 19 վիրավոր կա։
Անդրադառնալով Արցախի ուղղությամբ ադրբեջանական կողմի ագրեսիային՝ նա իր ելույթում նշեց, որ այս օրերին և սրանից առաջ տեղի ունեցող մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում։
«Բազմիցս եմ ասել, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունն առանցքային գործոն են արցախահայության անվտանգության համար, և մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման հարցում։ 2020 թվականի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակային և էության հետ կապված հարցեր։
2020-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի գրավումը, հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, Փառուխ գյուղի գրավումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծում երկայնքով հրադարդարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայութամբ ֆիզիկապես ու հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են։
Այս իրավիճակում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մասնրամասների ճշտումը։ Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե։ Պետք է խոստովանել, որ գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում ՌԴ խաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն դա արել է 2020-ի նոյեմբերին։ Մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ թեմային առնչվող ինստիտուցիոնալ այլ հարցեր կան։
Փաշինյանի խոսքով՝ ակնկալում են, որ շփման գծի ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն։
«Վերադառնալով ԼՂ-ում ՌԴ խաղապահ զորախմբի մանդատի թեմային՝ պետք է կրկնեմ, որ ՀՀ-ի և ՌԴ-ի ստորագրությունները բավարար են այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ»,- հավելեց նա։
Հիշեցնենք՝ Արցախի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 1-ին հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը փորձել է խախտել շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում տեղակայված մարտական հենակետերը: Արդյունքում վիրավորվել է ՊԲ զինծառայող։ Ավելի ուշ ադրբեջանական ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը և նռնականետերի ու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծել են Պաշտպանության բանակի դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է երկու զինծառայող, վիրավորվել՝ 19-ը: Նախօրեին՝ օգոստոսի 3-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաք էր հայտարարել Արցախում։
Մանրամասները՝ տեսանյութում։