Արդեն 8-9 ամիս է՝ Մեղրիի-Ագարակ ճանապարհի վրա ռուս խաղաղապահների կողմից 5 մոդուլային հենակետեր են տեղադրվել, որտեղ ռուսական սահմանապահ զորքերը ծառայություն են իրականացնում: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե Մեղրի-Ագարակ ճանապարհահատվածում ռուս խաղաղապահները հենակետեր են տեղադրել և ստուգումներ են անցկացնում:
«Դա իրենց ծառայության նոր ձևն է, որն օրինական է»,- նշեց նա:
Քաղաքապետը պարզաբանեց, որ ռուս սահմանապահների գործունությունը մոդուլային հենակետերում միշտ չի եղել, բայց ծառայությունը մշտապես եղել է: Զաքարյանի խոսքով՝ ռուսական սահմանապահ զորքերը տևական ժամանակ է ծառայություն են կատարում Հայաստանի պետական սահմանի երկայնքով՝ Մեղրի-Ագարակ ճանապարհին՝ Արաքսի ափին: Նրանք ծառայություն են իրականացնում Պետական սահմանի մասին օրենքի համաձայն:
«Ծառայողական անհրաժեշտությունից և իրավիճակից ելնելով՝ ռուս խաղաղապահները կարող են ժամանակ առ ժամանակ դադարեցնել երթևեկությունն ու ստուգումներ իրականացնել: Անցակետը տեղադրվել է անվտանգությունից ելնելով։ ՌԴ սահմանապահ ծառայության հետ է նաև Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը: Այս ծառայությունը երկկողմանի օրենքով հաստատված է թե՛ ՀՀ-ի, թե՛ ՌԴ-ի կողմից»,- շեշտեց Բագրատ Զաքարյանը:
Ավելի վաղ էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակում էր եղել, ըստ որի ռուս խաղաղապահներն արդեն հսկում են Մեղրի-Ագարակ ճանապարհը, բոլոր քաղաքացիներին կանգնեցնում և ստուգում են:
Հավելենք, որ Մեղրու սահմանապահ ջոկատը կազմավորվել է 1955 թվականին ԽՍՀՄ ՆԳՆ 1955 թվականի հունիսի 10-ի հրամանով՝ 9-րդ անհատական սահմանապահ հրամանատարության բազայի հիման վրա։