Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացել են 10-րդ տուրի պարտիաները։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մեր հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին:
«Առաջին հաղթանակը տարավ Ռոբերտ Հովհաննիսյանը, որին հաջորդեց Գաբրիել Սարգսյանի հաղթանակը։ Իրենց խաղերը ոչ-ոքի ավարտվեցին Հրանտ Մելքումյանը և Մանուէլ Պետրոսյանը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Շախմատի համաշխարհային օլիմպիադան ընթանում է Հնդկաստանի Չեննայ քաղաքում՝ հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը: Հայաստանի հավաքականը ներկայացված է տղամարդկանց և կանանց կազմերով: Շախմատի տղամարդկանց հավաքականի կազմում են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: