Բերձորի միջանցքի երկայնքով գտնվող Աղավնոյի, Բերձորի և Ներքին Սուսի բնակիչներին մինչև օգոստոսի 25-ը ժամանակ են տվել իրենց հարազատ տները լքելու համար։ Այդ բնակավայրերն անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ: Armenia Today-ի նկարահանող խումբը եղել է Բերձորում և Աղավնոյում, զրուցել տեղի բնակիչների հետ:
© AT / Nane Hayrapetyan
Ընդհանուր առմամբ՝ կտարհանվեն մոտ 450 մարդ, Բերձորում ներկայում բնակվում է շուրջ 250 մարդ, իսկ Աղավնոյում բնակվում է մինչև 200 բնակիչ: Բերձորը, Աղավնոն և Սուսը Բաքվի վերահսկողության տակ կանցնեն Հայաստանը և Արցախը կապող միջանցքի նոր երթուղու շահագործումից հետո։
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը պատմում է, որ նոր երթուղին սկսվում է Կոռնիձորից և հասնում Հին Շեն բնակավայր։ Ադրբեջանցիներն արդեն կառուցել են իրենց նոր ճանապարհի 27 կմ-անոց հատվածը։
Չավուշյանի խոսքով՝ Բաքուն Արցախի իշխանություններին և ՌԴ խաղաղապահներին գրավոր զգուշացրել է գյուղն իրենց վերցնելու ադրբեջանական կողմի ծրագրերի մասին։ «Նրանք իշխանություններին նամակով զգուշացրել են, որ այսինչ օրը մտնելու են, և որ գյուղում մարդիկ չլինեն, եթե նրանք այնտեղ լինեն, ապա ահաբեկիչներ են»,-ասել է Չավուշյանը:
© AT / Nane Hayrapetyan
Գյուղապետը հույսը չի կորցնում և փորձում է ուղիներ գտնել, որպեսզի բնակիչները մնան Աղավնոյում։ «Հիմա էլ ուշ չէ, հնարավոր է՝ վերջին պահին հաջողվի պահել, մենք չենք համակերպվել», – ասում է նա։
Աղավնոյի դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանը պատմում է, որ գյուղի այն հատվածը, որտեղ գտնվում են մոտ 10 տներ, կհայտնվի միջանցքի նոր երթուղու տարածքում: Նրա խոսքով՝ Արցախի պետնախարարին առաջարկ է ուղղվել, որ այդ տարածքի բնակիչները մնան իրենց տներում և չտարհանվեն։ «Բայց նման տարբերակ գոյություն չունի, մեզ ասում են, որ չենք կարող մնալ», – ասում է Աղաբեկյանը:
Տնօրենը պատմեց, որ Արցախի իշխանությունները գյուղի բնակիչներին զգուշացրել են, որ տարհանումից առաջ իրենց տները չայրեն, հակառակ դեպքում նոր բնակարան ձեռք բերելու համար 10 մլն դրամ ստանալու վկայական նրանց չի տրամադրվի: Աղաբեկյանն ընդգծեց, որ նշված գումարով մարդկանց չի հաջողվի տուն գնել: «Մարդկանց առաջարկում են 10 մլն դրամ, սակայն նրանք ասում են, որ այդ գումարը չեն ուզում, իրենց գյուղն է պետք», – նշեց նա։
Աղաբեկյանի խոսքով՝ գյուղում տրամադրությունը ծանր է, բնակիչները բնակարան են փնտրում Ստեփանակերտում և Հայաստանում: Աղավնոյի դպրոցում արդեն պատերից հանել են զոհված զինվորականների դիմանկարները, տեղափոխել գրքերը, ինչպես նաև վերցրել դրոշը: Մնացածը մնում է տեղում։ Պատերազմից հետո դպրոցում եղել է ընդամենը 7 աշակերտ, ավելի ուշ աշակերտների թիվը հասել է 55-ի, դպրոց են այցելել Բերձորի բնակիչների երեխաները։
Բերձորում բնակիչները նույնպես չեն կարողանում համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։ Քաղաքի բնակիչների մեծ մասը մտադիր է կյանքը շարունակել Արցախում։ Նրանք քննարկում են հնարավոր տարբերակները, որտեղ կարող են պետության կողմից հատկացված գումարով ձեռք բերել տները։ Բնակիչների մի մասը հավատում է և հույս ունի, որ մի օր անպայման կվերադառնան հարազատ տներ։
Բերձորի բնակչուհի Լարիսա Հայրապետյանը պատմում է, որ առաջիկա տարհանման մասին հայտնել են Արցախի կառավարության ներկայացուցիչները: Հայրապետյանը նշում է, որ ներկայումս քաղաքում ապրում է մոտ 250 մարդ, բնակիչների մի մասը պարբերաբար լքել է քաղաքը: Նրա խոսքով՝ Բերձորի բնակիչներին դեռևս դրամական փոխհատուցում չեն առաջարկել, իշխանությունները խոստացել են աջակցել բնակարանային հարցում։ «Մեզ համար շատ դժվար է, մենք հա՛մ շրջապատ ենք կորցնում, հա՛մ հայրենիք, հա՛մ աշխատանք», – ասում է նա:
Բնակիչների մի մասը մտադիր է կյանքն Արցախում շարունակել, հնարավոր տարբերակներն են դիտարկում, թե որտեղ կարող են հատկացված 10 մլն-ով տուն գնել, մյուս մասն էլ լիահույս է՝ չգիտեն երբ, բայց անպայման հետ են գալու։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանւ հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել է, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հայտարարեց, որ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը քիչ է համարում, իսկ Աղավնոյի համար պայքարելու են։