Արցախի իշխանությունները մեկնաբանել են, թե ինչու է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ադրբեջանցի պաշտոնյաների և ռուս խաղաղապահների հրամանատարության հետ մեկ օր առաջ այցելել Բերձոր քաղաք, որտեղ Բալասանյանը ցույց է տվել ադրբեջանցիներին հանձնվող տները։ Այս տեղեկությունն «Առավոտին» ավելի վաղ հայտնել էին բերձորցիները։
Ինչպես նշվում է, Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ քաղաք Բերձոր կատարած այցելությունը պայմանավորված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով:
Գերատեսչության տվյալներով՝ այցը տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ:
Գրասենյակը հորդորում է զերծ մնալ հասարակությանը թյուրիմացության մեջ գցող հրապարակումներից, հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտն անկայունացնող քայլերից և կենտրոնանալ սեփական հայրենիքում ապրելու և արարելու գործին:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով բերձորցիներին, հայտնել էին, որ Վիտալի Բալասանյանը ադրբեջանցի պաշտոնյաների և ռուս խաղաղապահների հրամանատարության հետ մեկ օր առաջ այցելել է Բերձոր քաղաք, որտեղ Բալասանյանը ցույց է տվել տներ, որոնք կհանձնվեն ադրբեջանցիներին։