Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին և պարգևներ հանձնել նրանց: Այս մասին նա գրել է իր Facebook-յան էջում:
«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի շախմատի հավաքականի հերթական մեծ հաջողության առիթով: Պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել՝ զարգացման հաջորդ քայլն անելու համար: Հայաստանի շախմատի հավաքականը մեր երկրի պատմության մեջ, թերևս, ամենատիտղոսակիր հավաքականն է: Ուզում եմ անձամբ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր կատարած աշխատանքի համար և ընդգծել հետևյալը, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք, որպես նպատակ, ֆիքսել ենք, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը նվաճի Շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը: Սա ձևակերպել ենք որպես ռազմավարական նպատակ Հայաստանի համար, և ուզում եմ իմանաք, որ մենք նաև ձեր աջակցությամբ և խորհրդով կամ հայտով պատրաստ ենք անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել՝ դրան հասնելու համար»,-ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ սա Հայաստանի համար ռազմավարական նպատակ է, և այն կյանքի կոչելու համար պետք է շատ մեծ աշխատանք կատարել:
«Այն, ինչ այսօր ունենք, հնարավորություն է տալիս, որ մենք զարգացման հաջորդ քայլն անենք, և դրա համար, իհարկե, Կառավարությունը, ես անձամբ, մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել»,-ասել է նա:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը վաստակած 19 միավորով դարձել է Հնդկաստանում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին: Լավագույն եռյակը 18 միավորով եզրափակել է Հնդկաստանի երկրորդ թիմը: