«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Ժամը 15:00 դրությամբ՝ Շենգավիթ բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած, որից 5-ը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել:
Պայթյունի հետևանքով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 3, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ 4, «էրեբունի» ԲԿ՝ 4, Թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ 6 տուժած: Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Ցավոք, մեկ քաղաքացու կյանք հնարավոր չի եղել փրկել»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Armenia Today-ի հետ զրույցում «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ նախնական տվյալներով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շտապօգնությամբ տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել 17 հոգի։
«Շտապօգնությամբ տեղափոխվածների մեջ երեք անչափահասն կա», – հայտնեց նա։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ ԱԻՆ-ից 1 զոհի մասին են հայտնել։ Բռնկված հրդեհը դեռ չի մարվել։