Աղավնոյի բնակիչներից մեկն այրել տունը։ Նա հայտնել է, որ 28 տարի իր ընտանիքի հետ ապրել է այդ տանը, իսկ այժմ տունն անցնում է ադրբեջանական կողմին։ Ըստ նրա՝ իր հայրը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, ինքը ևս բազմաթիվ հարազատների է կորցրել։
«Ասում են փոխհատուցում են տալու։ Էլ ոչ մեկ մեզ չի կարող փոխհատուցել էս հողի համար։ Էսի եթե իմ երեխեն չի վայելելու, թուրքը չպիտի վայելի», – նշել է նա։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել է, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հայտարարեց, որ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը քիչ է համարում, իսկ Աղավնոյի համար պայքարելու են։