Այս օրերին որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են թվով 935 հրշեջ-փրկարար, Կարմիր խաչի ներկայացուցիչներից 201 հոգի, ՈՄԱ կազմակերպությունից 132 կամավոր, այլ կազմակերպություններ և անհատներ՝ 252 հոգի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հրդեհի բռնկումից հետո մենք 49 ժամվա ընթացքում մեկուսացրել ենք կրակը, որպեսզի չտարածվի, իսկ արդեն 4 ժամ անց՝ 53 ժամ հետո մենք ամբողջությամբ հրդեհի մարում ենք տվել, ժամանակ առ ժամանակ իրականացրել ենք հովացման աշխատանքներ»,-հայտնեց նա։
Ըստ Կոստանյանի՝ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 26 քաղաքացու, որոնցից 16-ը՝ մահացած։ «Մեր փրկարարներին հաջողվել է փրկել 10 մարդու կյանք»,-հավալեց նա։
«Այս պահին որոնողական աշխատանքները դադարեցվել են, պայմանավորված այն տեղանքով, որտեղ եղել է պայթյունը։ Այդ հատվածում փլուզման վտանգը մեծ է։ Որոշում է կայացվել գիշերային ժամերին որոնողական աշխատանքները դադարեցնել։ Առավոտվանից աշխատանքները կկենտրոնան պայթյունի հատվածում»,-նշեց Կոստանյանը՝ հավելելով, որ այս պահին մեկ անհետ կորած կա։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։