Որոնողափրկարարական աշխատանքները վերսկսկել են, որոնք կատարվում են ենթադրվող էպիկենտրոնային հատվածում և այնտեղ, ըստ տեղեկությունների, կա քաղաքացի, և մենք ամբողջ ուժով տվյալ հատվածում իրականացնում ենք աշխատանքներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Մեզ համար առաջնային է կատարել այն ինժեներական աշխատանքները, որոնք թույլ կտան չխոչընդոտել մեր որոնողափրկարակական աշխատանքներին, որից հետո նոր կքննարկվի շինության հետագա հարցը։ Ներկա պահին մեր առջև նման խնդիր չկա դրված, քանի դեռ ունենք չհայտնաբերված քաղաքացի»,- ասաց ԱԻ նախարարը՝ նշելով, որ նման հարվածային ալիքից, ջերմաստիճանից և օրեր շարունակ տեղի ունեցած գոլորշիացումից հետո քաղաքացուն գտնելու հնարավորությունները նվազեցնում են։
Փամբուխչյանը շեշտեց, որ մադկային ներուժի, տեխնիկայի, մասնագիտական գիտելիքների, որևէ երկրից օգնություն խնդրելու կարիք չի եղել։
«Մեր գնահատականով՝ քանի դեռ շինությունը կանգուն է, այնտեղ վտանգավոր է քաղաքացիների մուտքը։ Արգելվում է լինել այդ հատվածում։ Որտեղ կա հսկողություն, որոշ գործարարների թույլատրում ենք գալ, իրենց ապրանքը տեղափոխել«,- նշեց նա։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։
Օգոստոսի 17-18-ը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի։