ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ցավակցական ուղերձ է հղել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը խլեց բազմաթիվ կյանքեր։ Նախագահը նշել է, որ այս ողբերգությունն ընդհանուր դժբախտություն դարձավ մեր երկրի բոլոր բնակիչների համար։
«Հայաստանի Հանրապետությունում հայտարարված սգո այս օրերին՝ ի հիշատակ տեղի ունեցած ողբերգության զոհերի, խորապես ցավակցում եմ զոհվածների հարազատներին և կիսում կորստյան վիշտը: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին ու տուժածներին»,- ասված է ուղերձում։
Նախագահն իր և բոլորի անունից շնորհակալություն է հայտնել Արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքապետարանի աշխատակիցներին, բժիշկներին, այլ պատկան մարմինների աշխատակիցներին, Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներին և կամավորներին՝ անձնուրաց աշխատանքի համար։
«Այս սարսափելի ողբերգության կապակցությամբ ևս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին, տնտեսվարող սուբյեկտներին և իրավասու մարմիններին հորդորում եմ մշտապես լինել զգոն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, քանի որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են»,- շեշտել է նախագահը։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։
Օգոստոսի 17-18-ը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի։