Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում ասված է.
«Հայտնում եմ իմ խորին ցավակցությունները Երևան քաղաքի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային զոհերի և տուժածների կապակցությամբ:
Այս դժվար պահին Թուրքմենստանի ժողովրդի և կառավարության անունից, ինչպես նաև անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցեք կարեկցանքի և զորակցության խոսքերը զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման անկեղծ մաղթանքները բոլոր տուժածներին»,- ասված է ուղերձում:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։
Օգոստոսի 17-18-ը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի։